Մեր մասին

ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը (ՀՎ եւ ԲՄ) հիմնադրվել է 1923թ. եւ մինչեւ 1940թ. կոչվել տրոպիկական ինստիտուտ, իսկ 1940-1955թ. մալարիայի եւ բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտ: 1955թ. միավորվել է համաճարակաբանության, մանրէաբանության եւ հիգիենայի ինստիտուտի հետ (հիմնված 1930թ.) եւ մինչեւ 1971թ. անվանվել է համաճարակաբանության եւ հիգիենայի ինստիտուտ: 1971թ. հիգիենիկ բաժնի անջատումից հետո այն ստացել է այժմյան անվանումը: 1973թ. ինստիտուտը առողջապահության զարգացմանը, բժշկական գիտությանը եւ մասնագետների պատրաստմանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով: 1930-1960թթ. ինստիտուտում գործել է արտադրական բաժին, որը բավարարել է կանխարգելիչ եւ ախտորոշիչ պատրաստուկների (վակցինաներ, բնական ծաղկի դետրիտ, կատաղության պատվաստանյութ, շիճուկներ, ֆագեր) պահանջարկը Հայաստանում:

Ինստիտուտի տնօրեններ են եղել Ն. Հակոբյանը, Խ. Ախրիպյանցը, Մ. Քեշիշյանը, Ե. Կարապետյանը, Ք. Փիրումովը, Ա. Ծատուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Գ. Պապովյանը, Ա. Զաքարյանը, Կ. Դեղձունյանը, Գ. Ղուկասյանը, Յու. Ալեքսանյանը, Գ. Մելիք-Անդրեասյանը (2007թ.-ից):
Սկզբնական շրջանում ինստիտուտում զբաղվել են մալարիայի, բնական ծաղկի, խոլերայի, հետադարձ եւ բծավոր տիֆերի, լեյշմանիոզների, հետագա տասնամյակներում` որովայնային տիֆի, դիզենտերիայի, սալմոնելյոզների, լեպտոսպիրոզների, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կապույտ հազի, կարմրուկի, խոզուկի, գրիպի, ադենովիրուսների, արբովիրուսների, օրնիթոզի, ռոտավիրուսների, պարազիտար հիվանդությունների, իսկ ներկայումս` աղիքային վարակիչ հիվանդությունների (իերսինիոզ, կամբիլոբակտերիոզ, հելիկոբակլտերիոզ, պայմանական ախտածին էնտերոբակտերիաներ), վիրուսային A, B, C, E հեպատիտների, արբովիրուսային վարակիչ հիվանդությունների, ցիտոմեգալովիրուսների, մալարիայի եւ հելմինթոզների ախտորոշման, կանխարգելման եւ պայքարի միջոցառումների մշակման հարցերով:

Հատուկ ուսումնասիրվում են դեղորայքների եւ հակաբիոտիկների նկատմամբ մանրէների զգայունության որոշման, արտադրական թափոններից ստացվող ախտահանիչ նյութերի փորձարկման եւ կիրառման հարցերը:

 

Պարբերաբար հրատարակվում են գիտական ժողովածուներ: